ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2018» 

 Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2018 թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

   «Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 01-28),

2.Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 01-28),

3.Լրագրողների վերապատրաստում (հուլիսի 01-14),

4.Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 01-14),

5.Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 01-14):

«Սփյուռք» ամառային դպրոց 2018» ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով: Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երկու օրից (կամ 12 դասաժամից) ավելի անհարգելի բացակայություն: Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Ծրագրին, բացառությամբ Հայոց լեզվի արագացված ուսուցման, կարող են մասնակցել միայն 16 տարեկանից բարձր սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում (բացառությամբ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներիՀՀՀ) կամ մշտական բնակություն չեն ունեցել ՀՀ-ում վերջին 10 տարվա ընթացքում: Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 2-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին կարող են համապատասխան գրանցումը իրականացնելուց և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հաստատում ստանալուց հետո անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը: Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս երթևեկության ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հունիսի 2-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` dss.am «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը: