Նորություններ
Տպել

 Պատասխանատու գործ է օտար երկրում հայ երեխային կրթելը, գրաճանաչ դարձնելը: Այս նվիրական գործի պատասխանատուները՝  սփյուռքահայ ուսուցիչները, ամառային դպրոց են եկել հենց այդ նպատակով:

  Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանն ուսուցիչների հետ հանդիպման օրը ծանոթացավ վերջիններիս հետ,  ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, ծրագրերն ու առաջիկա նախագծերը:  Ստացած գիտելիքները մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գործնական դաշտում՝ սեփական նախաձեռնությամբ և կամավորների  օգնությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցները կներկայացնեն պրեզենտացիաներ՝ նախապես ընտրված թեմաներով՝  5-8 րոպե տևողությամբ:

 Այսօր՝  հուլիսի 4-ին,  նախադպրոցական և տարրական  դասարանների ուսուցիչների հետ  դասն անցկացրեց  Լևոն  Շանթի  թիվ  4  հիմնական դպրոցի Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Գայանե  Անանյանը: Նա  անդրադարձավ  տարրական,  միջին և ավագ դպրոցների կրթական չափորոշիչների, 4-րդ դասարանի ավարտական քննություններին,  կրթական  ծրագրերի մատչելիության,  համապատասխան դասագրքերի  բովանդակության հարցերին:  Սփյուռքահայ ուսուցիչները  ստացան  իրենց հուզող  հարցերի պատասխանները,  հանդես  եկան  բազմաթիվ առաջարկություններով:  Գ.  Անանյանը  ներկայացրեց  նաև  իր մշակած մեթոդները՝  նշելով, որ երեխան պետք է սովորի, աշխատի, ստեղծագործի ազատ պայմաններում:

 Խոսվեց  նաև  գնահատման  համակարգի մասին,  համեմատություններ  տարվեցին սփյուռքի և հայկական  կրթահամակարգի, ուսուցման, գնահատականների և ամենակարևորը՝ լեզվի  խնդրի  մասին: Հնարավորության  դեպքում  ցանկություն առաջացավ  իրականացնել  փորձի  փոխանակում:

 Հաջորդ դասը վարեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և տարրական  ուսուցման  մեթոդիկայի ամբիոնի  պրոֆեսոր  Ջուլիետա  Գյուլամիրյանը, ով ներկայացրեց  գրաճանաչության ամենատարածված՝ վերլուծական-համադրական հնչյունային մեթոդի մասին: Դասի ընթացքում  անդրադարձան  արևմտահայերենի  հնչյունական  համակարգին՝ զուգահեռաբար  հիշատակություններ  անելով  արևելահայերենից:

 Օրն  ամփոփվեց  դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանի՝ մանկավարժության  տեսության ժամանակակից  հիմնախնդիրների  մասին  դասախոսությամբ:

 

   Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշիկ Յոլչինյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց