Նորություններ
Տպել

 

 Հուլիսի 3-ին ԵՊՀ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Որից հետո «Երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցները հանդիպում ունեցան իրենց դասընթացի պատասխանատու Կատերինա Ալթունյանի հետ:

 Հանդիպման ընթացքում Ալթունյանը մասնակիցներին համառոտ ներկայացրեց դասընթացի նպատակն ու առաքելությունը, դասերի անցկացման կարգը: Այնուհետև մասնակիցները հերթով ծանոթացան միմյանց հետ, ներկայացրին իրենց համայնքներն ու համայնքային կազմակերպությունները:

 Տարբեր երկրներից ժամանած մասնակիցների մեծ մասը  իր խոսքում նշեց, որ նպատակ ունի դասընթացի կարճատև ժամանակը օգտագործել հնարավորինս նպատակային. ստանալ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն Սփյուռքում հայ համայնքների կյանքն ավելի գրագետ ու օգտակար կազմակերպել:

 Հուլիսի 4-ին Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ դասընթացի մասնակիցների առաջին դասաժամը անցավ շատ  բուռն քննարկումների մթնոլորտում: Դասաժամի ընթացքում Ռոման Կարապետյանը ներկայացրեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Դասախոսության ընթացքում մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց տեսակետները, արցախյան հարցի վերաբերյալ իրենց դատողություններն ու մտահոգությունները:

 Այնուհետև ծրագրի դասախոսներից Ատոմ Մխիթարյանը մասնակիցներին ներկայացրեց «Ծրագրերի մշակում և կառավարում»  դասընթացը: Դասաժամի սկզբում Մխիթարյանը համալսարանի բակում կազմակերպեց խաղ, որի շնորհիվ մասնակիցները առավել լավ ծանոթացան միմյանց հետ, համառոտ ներկայացրեցին իրենց հետաքրքրություններն ու փորձեցին համատեղ ուժերով խաղը ավարտել ռեկորդային կարճ ժամանակահատվածում:

 Ավարտից հետո Մխիթարյանը մասնակիցների հետ քննարկեց խաղը, դրա նպատակն ու առաքելությունը: Խաղի արդյունքներից ելնելով՝ մասնակիցները իրենց խմբից առանձնացրին առաջնորդի հատկանիշներով առավել օժտված մարդկանց, որոնց կազմակերպչական աշխատանքի շնորհիվ մասնակիցները ճշգրիտ կատարեցին դասախոսի առաջադրանքը:

 Երրորդ դասաժամին մասնակիցների համար քաղաքական առաջնորդության մասին դասախոսություն կարդաց Կ. Ալթունյանը: Դասախոսության վերջում նա պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

 Օրվա ավարտին Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ դասընթացի մասնակիցների համար տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, տեղեկատվական պատերազմների մասին դասախոսություն-սեմինար անցկացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Արփինե Մուրադյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց