![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչները շարունակում են վերապատրաստվել «Սփյուռք» ամառային դպրոցi շրջանակներում: Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանը ներկայացրեց մանկավարժության ձևավորումն ու զարգացումը և մասնակիցների հետ հիշատակելով անվանի հայ մանկավարժներին նշեց, որ մշակութային արժեհամակարգի կրողները ուսուցիչներն են: Աշիկյանը ներկայացրեց բանահյուսության, կիբեռնետիկայի և սոցիոլոգիայի հետ մանկավարժության առնչությունները:
Ներկայացվեց նաև օլիգոֆրենո մանկավարժության մասին, որը զբաղվում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հետ: Քննարկվեցին ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդները, խնդիրները, մանկավարժության մեջ կիրառվող հատուկ մոտեցումները: Բուռն քննարկումների արդյունքում անհրաժեշտ համարվեց դպրոցներում լոգոպեդի, սոցիոլոգի, հոգեբանի առկայությունը:
Մասնակիցները խոսեցին նաև դպրոցներում առողջ երեխաների հետ լոգոպեդի աշխատանքների մասին, որը հաճախ առաջացնում է ծնողների դժգոհությունը: Վարքային անկանոնություն նկատված երեխաների համար նախատեսված է անհատական ուսուցման պլան (աուպ), որն ապահովում է վերջիններիս մոտ դրական տեղաշարժ:
ՀՊՄՀ մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ջուլիետա Գյուլամիրյանը բացատրեց ձայնավոր և բաղաձայն հնչյունների տարբերակման ձևերն ու մեթոդները, ցուցադրեց տառադարանը, տառուսուցման, գրաճանաչության, վերլուծական-համադրական մեթոդները ներկայացնող պաստառներ և այլն:
Յուրաքանչյուր օր վերապատրաստվող ուսուցիչները դասն ամփոփում են տարրական դասարանների համար նախատեսված երգերով, գործնական մեթոդների մշակման աշխատանքներով:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշ Յոլչինյան
Վերադառնալ