![]() |
Արդեն տասն օր է, ինչ մեկնարկել է «Սփյուռք» ամառային դպրոցը: Մասնակիցները տարբեր երկրներից Հայաստան են եկել սերտելու մեսրոպյան այբուբենը, սովորելու ավանդական երգերն ու պարերը, ընդլայնելու լրագրության մասին գիտելիքները: Տարբեր երկրներից լինելու փաստը չի խանգարում ձևավորել ջերմ և ընկերական մթնոլորտ. ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հայու գենը միշտ է խոսում»:
Հայերենի արագացված ուսուցման դասընթացի ռուսախոսների խմբի դասախոս բ.գ.թ. Մերի Սարգսյանը դասընթացի սկզբին մասնակիցներին ներկայացրեց ծրագրի էությունը, ընթացակարգը և նպատակը: Նրանք ծանոթացան և փոխհամաձայնություն ձեռք բերեցին լինել պարտաճանաչ, ուշադիր և հարգալից: Մ. Սարգսյանն օրըստօրե ավելի ծավալուն է դարձնում հանձնարարությունները: Նա ջանք ու եռանդ չի խնայում նրանց ավելին սովորեցնելու համար: Արդյունքում Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացի խմբի անդամներն արդեն ճանաչում և չեն շփոթում մեսրոպյան գիրը, կարողանում են ճշգրտորեն խոնարհել բայերը և՛ դրական, և՛ ժխտական խոնարհմամբ, գրեթե անսխալ գրել թելադրություններ: Այս օրերին բացի հայ գիրն ու տառը սովորելուց, նրանք ծանոթանում են Հայաստանի հարուստ պատմությանը, Երևանի տեսարժան և պատմական վայրերին: Նրանք այցելություն են ունեցել Եռաբլուր զինվորական պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր, Երևանի պատմության թանգարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կոմտիասի անվան տուն-թանգարան և այլուր:
Ծրագրի ավարտին մնացել են հաշված օրեր, բայց մասնակիցները չեն ցանկանում վերադառնալ. «Կուզեի ծրագիրն ավելի երկարատև լիներ, մնայինք Հայստանում և բացի հայերեն սովորելուց, ընդլայնեինք մեր գիտելիքները Հայաստանի պատմության, մշակույթի, նիստուկացի, սովորությունների և այլնի մասին»,-նշեց դասընթացի մասնակից Արարատ Հակոբյանը:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Սոնա Մկրտչյան
Վերադառնալ