![]() |
![]() |
![]() |
Հայոց լեզվի արագացված ուսուցման անգլախոսների խմբում, որտեղ մասնակիցների աշխարհագրական բազմազանությունը լայն է, իսկ տարիքային սանդղակը 12-ից ձգվում է մինչև 32-ը, դասերն ընթանում են իրենց բնականոն հունով:
Այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակիցները դասախոս Լիլիթ Մուրադյանի օգնությամբ ամփոփեցին բայի ներկա ժամանակաձևերը, սովորեցին մրգերի ու բանջարեղենների անուններ:
Ունենալով կրթական տարբեր մակարդակներ՝ մասնակիցները հաճախ բախվում են լեզվական նույն խնդիրներին: Սակայն դրանք հաղթահարելու միջոցները նույնպես մշակված են: Հարց ու պատասխանի, նաև երկխոսությունների շնորհիվ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում սովորել մայրենի լեզուն, ամրապնդել եղած գիտելիքներն ու դրանք գործածության մեջ դնել:
Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումն ու օգնական ուժերը: Ռումինիայից ժամանած Մելինե Մարտայանն, օրինակ, օգտվում է իր հոր՝ Վարդան Մարտայանի հրատարակած հայ-ռումիներեն բառարանից: Տասներկուամյա Նելլի Աբրահամյանն էլ դասախոսների ու կամավորների օգնությամբ սերտում է հայոց այբուբենն ու խոստանում, որ տանը պիտի փորձի հայերեն խոսել:
Լսարանի պատերից դուրս օրերն ընթանում են նույն ոգևորությամբ: Հուլիսյան երկու շաբաթների ընթացքում մասնակիցները այցելել են Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր, Կոմիտասի անվան տուն-թանգարան, Եռաբլուր զինվորական պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան ու մի շարք այլ վայրեր:
Հավելենք, որ դասընթացը կշարունակվի մինչ հուլիսի 29-ը:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Սոֆի Թովմասյան
Վերադառնալ